Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը

Մայիսի 20-ին մեկնարկում է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը: Մրցույթի  կայքում https://www.varpetarmenia.am/ շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով արդեն որոշվել են այն 12 արհեստագործական ուղղությունները, որոնցով անցկացվելու է մրցույթը:

Այդ ուղղություններն են.

  1. Գինեգործ
  2. Գորգագործ
  3. Դերձակ
  4. Զարդագործ
  5. Զոդող
  6. Խոհարար
  7. Կահույքագործ
  8. Կոշկակար
  9. Հրուշակագործ
  10. Ավտոմեխանիկ
  11. Նվագարանագործ
  12. Պատշար

Հայաստանի և Արցախի վարպետները (23 տարեկան և բարձր), որոնց գործունեությունը համընկնում է  վերոնշյալ 12 ուղղությունների հետ, այսօրվանից  կարող են առաջադրվել՝ https://www.varpetarmenia.am/ կայքի միջոցով:

Առաջադրումը կատարվելու է հետևյալ եղանակով. կայքում  ընտրելով «Դառնալ մասնակից» կոճակը, անհրաժեշտ է լրացնել  հարցաթերթիկ և ներբեռնել վարպետի գործունեության մասին կարճ տեսանյութ (ցանկացած ձևաչափի): Ինքնաառաջադրվել կարող են ինչպես վարպետները, այնպես էլ  քաղաքացիները կարող են  առաջադրել իրենց ծանոթ վարպետներին: Նրանք, ովքեր դժվարություն կունենան հարցաթերթիկը լրացնելու կամ տեսանյութի հարցում՝ կարող են զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով, նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ  մրցույթի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/best.varpet:

Բացի այդ, մրցույթի տարբերանշանով շրջիկ ավտոմեքենան՝ վարպետամոբիլը,  մայիսի 30-ից կշրջի բոլոր մարզերում՝ տեղեկացնելով մրցույթի մասին և օգնելով առաջադրվել մրցույթի հավակնորդներին:

Առաջադրումների  փուլը կավարտվի հունիսի 30-ին:  Դրանից հետո մասնագիտական ընտրող հանձնաժողովը, ստացված տեղեկատվության հիման վրա, կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից  երկուական լավագույն թեկնածուների, որոնք էլ կանցնեն մրցույթի  հաջորդ  փուլ: Մրցույթի երկրորդ փուլն անցակցվելու է  «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և աջակցություն կստանան  մրցույթի գործընկերների կողմից։

Նախատեսվում է, որ մրցույթը կդառնա ամենամյա: Մրցութային ուղղությունները հանրային քվերակությունների միջոցով  ամեն տարի կարող են փոխվել: Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես  մրցույթի հաղթող վարպետները, այնպես էլ նախորդ փուլերի մասնակիցները։

Մրցույթի կազմակերպիչները  համագործակցելու են հանրապետության բոլոր մարզերի ու համայնքների հետ՝ ընտրելու և ներգրավվելու համար լավագույն վարպետներին: