Վարպետամոբիլն ամփոփում է արդյունքները

Հայաստանի ու Արցախի 150-ից ավելի համայնքներում կան մոտ 1,000 վարպետներ:

Հունիսի 1-ից Վարպետամոբիլը շրջագայում է Հայաստանի ու Արցախի մարզերով։ Այս մեկ ամսվա ընթացքում «Հայաստանի վարպետ» մրցույթի կազմակերպչական թիմն այցելել է հարյուրից ավելի քաղաքներ, եղել գյուղերում ու ավաններում՝ ամենուր փնտրելով ձեռքի շնորհք ունեցող տաղանդավոր վարպետների։ Մրցույթի տարբերանշանով Վարպետամոբիլին շատ համայնքներում արդեն ճանաչում էին ու անհամբեր սպասում։ Շրջիկ ավտոբուսի այցը համայնք նշանակում էր, որ շուտով այստեղ էլ կգտնեն ոսկի ձեռքեր ունեցող վարպետներին։

Մի ամբողջ ամիս կամավորներն ու կազմակերպչական խումբը գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք փնտրեց ու գտավ բոլոր նրանց, ովքեր աչքի էին ընկնում իրենց վարպետությամբ մրցույթի 12 ուղղություններից որևէ մեկով։ Այս ընթացքում Վարպետամոբիլի անձնակազմերը օգնեցին գրանցվել կայքում ու մասնակցել մրցույթին հարյուրավոր ավտոմեխանիկների ու գինեգործների, խոհարարների ու դերձակների, գորգագործ, զարդագործ ու կահույքագործների, գտան լավագույն զոդողներին, պատշարերին ու կոշկակարներին, հրուշակագործներին ու նվագարան պատրաստող վարպետներին։ Մոբայլ խմբի կոորդինատորներն աջակցել են հայ վարպետներին մրցույթի հետ կապված բոլոր հարցերում՝ մասնակցության հայտի գրանցումից մինչև անհատական տեսանյութի նկարահանում։

Մրցույթի ավարտին հաշված օրեր են մնացել, և եթե մրցույթի 12 անվանակարգերից որևէ մեկի ուղղությամբ դուք էլ եք ձեզ համարում իսկական վարպետ, ապա անպայման լրացրեք հայտը կայքի «Դառնալ մասնակից» բաժնում:

Եթե գտնենք մեր երկրի բոլոր վարպետներին, կկարողանանք միասին Հայաստանը դարձնել Վարպետաց երկիր: