Երևանյան զբոսայգում տեղադրվեց «Վարպետաց ժամացույցը»

Հունիսի 21-ին Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում պաշտոնապես տեղադրվեց «Վարպետաց ժամացույցը»: Այն կհաշվի՝ որքան ժամանակ է մնացել մինչև Հայաստանը պաշտոնապես կընտրի իր լավագույն վարպետներին: «Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունմանը մնաց 10 օր:

«Վարպետաց ժամացույցի» բացման արարողությանը մասնակցում էին նախագծի կազմակերպիչներն ու գործընկեր «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարները, ինչպես նաև Երևանի բնակիչներ։

Արտ օբյեկտի նպատակն է ներկայացնել արհեստագործական մասնագիտությունները դարերով եկած ավանդույթի և անվիճելի իմացության լույսի ներքո, քանզի արհեստագործությունն անցել է դարերի միջով՝ չկորցնելով իր նշանակությունը հասարակական կյանքում։

«Վարպետների ժամանակն է» գաղափարախոսությունը կրող արտ օբյեկտն արհեստագործական մասնագիտությունները ներկայացնում է որպես ավանդույթների պահպանման և գիտելիքի փոխանցման կարևոր առաքելություն: Ժամանակն ու առաջադեմ հասարակությունը չի կարող հերքել այն փաստը, որ իսկական վարպետությունը, դարերի միջով անցնելով, չի կորցրել իր դերն ու նշանակությունը սոցիալական կյանքում: Այդպիսով, արտ օբյեկտը ժամացույց է, ավելի ճշգրիտ՝ երկաթով երիզված շրջան, որի ներսում ծանոթ թվերի փոխարեն ժամանակի մասին մեզ պատմում են իսկական, իրական գործիքները:

Երկու մետր բարձրությամբ փայտե ժամացույցի թվատախտակին պատկերված են մրցույթի 12 ուղղությունները պատկերող վարպետների ամենօրյա զենքերը՝ աշխատանքային գործիքներ մկրատը, մուրճը, սղոցը, դազգահը, գրտնակը և այլն: Ավտոմեխանիկ, գինեգործ, գորգագործ, դերձակ, զարդագործ, զոդող, խոհարար, կահույքագործ, կոշկակար, հրուշակագործ, նվագարանագործ, պատշար՝ սրանք են այն 12 ուղղությունները, որոնք լավագույնս ներկայացնող մասնագետները կհռչակվեն «Հայաստանի վարպետ»:

«Վարպետաց ժամացույցը» այգու տարածքում կհանգրվանի շուրջ 2 ամիս՝ մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը: Այն կծառայի նաև որպես տեղեկատվական կրիչ հանրության լայն շրջանակների իրազեկման համար, քանի որ ժամացույցի վրա մրցույթի կայքի էլեկտրոնային հասցեն է՝ www.varpetarmenia.am:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի վարպետ» մրցույթն ունի մեկ նպատակ՝ վերականգնել աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքն ու հեղինակությունը։

«Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Հայաստանից և Արցախից 23 տարեկանից բարձր վարպետները կարող են առաջադրվել մրցույթին www.varpetarmenia.am կայքի միջոցով կամ զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով։

Հայտերն ամփոփելուց հետո մասնագիտական ընտրող հանձնաժողովը կառանձնացնի վերոնշյալ 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի, որոնք էլ կանցնեն մրցույթի հաջորդ փուլ: Հետագա երկու ամիսների ընթացքում մրցույթը կշարունակեն 24 վարպետներ Հայաստանից և Արցախից:

Երկրորդ փուլն անցկացվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով: Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի 3 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի հիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը, գործընկերը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը: