Հայտերի ընդունումն ավարտված է. օգոստոսին կհայտարարվեն երկրորդ փուլի մասնակիցների անունները

Ավարտվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է  1,200-ից ավելի  հայտ Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը ներկայացնող վարպետներից:

Հայտեր ստացվել են մրցութային բոլոր 12 ուղղություններով: Հիշեցնենք, որ 12 ուղղությունները որոշվել էին  մրցույթի կայքում շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով: Ուշագրավ է, որ ամենաշատ հայտերը ներկայացվել են՝ զարդագործ, դերձակ/ասեղնագործ, խոհարար, կահույքագործ/փայտագործ, ավտոմեխանիկ մասնագիտությունների համար:

Ընտրող հանձնաժողովը և մրցույթի կազմկոմիտեն հուլիս ամսվա ընթացքում կամփոփեն ներկայացված հայտերը՝ ընտրելով մրցույթի 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի։ Օգոստոսին, գլխավոր գործընկեր «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ, մեկնարկելու են հեռուստաշոուի նկարահանումները։

Ընտրող հանձնաժողովի կազմում են «Varpet.com» հարթակի համահիմնադիր և տնօրեն Արսեն Մնացականյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիայի տնօրեն Սեդրակ Մամուլյանը։

Լավագույն թեկնածուներին որոշելիս՝ հաշվի են առնվելու վարպետի լրացրած կենսագրական թերթիկն ու մասնագիտական գործունեությունը ներկայացնող տեսաուղերձը: Առավելապես ուշադրություն է դարձվելու վարպետի/պորտֆելի պատմությանը, նրա աշխատանքների բարդության/պրոֆեսիոնալիզմի աստիճանին, ինչպես նաև վարպետի՝ մրցույթի հաղթող դառնալու ցանկությանն ու նպատակներին։

Մրցույթի շրջանակում հետագա առաջադրանքների ձևակերպման համար ներգրավվելու են նաև 12 խորհրդատուներ (յուրաքանչյուր մասնագիտության համար 1 խորհրդատու), որոնք կօգնեն վարպետներին մրցույթի ընթացքում իրենց մասնագիտական խնդիրները լուծելու հարցում։

Մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու աշնանը «Արմենիա» հեռուստատեսությամբ՝  հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։