«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտը տեղադրվեց Գյումրիի Վարպետաց փողոցում

«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտն օգոստոսի 2-ին Երևանից տեղափոխվեց Գյումրիի և տեղադրվեց քաղաքի Վարպետաց փողոցում։ Վայրի ընտրությունը պատահական չէ․ «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկի մասին ապրիլին հայտարարվեց հենց Գյումրիից, իսկ Վարպետաց փողոցը քաղաքի ամենահայտնի ու կոլորիտային անկյուններից է։

«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտն ստեղծել են գրաֆիկական դիզայներ Յանա Զախարովան և քանդակագործ, նկարիչ Նաիրի Գրիգորյանը։ Ժամացույցն ունի ոչ սովորական սլաքներ․ ժամանակն այստեղ չափվում է մասնավորապես մկրատով, մուրճով, սղոցով, դազգահով, գրտնակով։ Հենց այդ գործիքներով են իրենց հմտություններն ու տաղանդը ցուցադրելու «Հայաստանի վարպետ» մրցույթի՝ եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցները։

«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտը հունիսի 21-ին տեղադրվել էր Երևանի Դիանա Աբգարի անվան այգում։ Փայտե ժամացույցը հաշվում է «Հայաստանի վարպետներ» մրցույթի ժամանակը։ Երկու մետր բարձրությամբ արտ օբյեկտը նաև ծառայում է որպես տեղեկատվական կրիչ՝ մրցույթի մանրամասները ներկայացնելու համար:

«Հայաստանի վարպետ» մրցույթին մասնակցում են Հայաստանում և Արցախում բնակվող, 23 տարեկանից բարձր վարպետներ այն 12 մասնագիտությունների գծով, որոնք որոշվել էին առցանց քվեարկության արդյունքներով։

Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 1200-ից ավելի հայտ՝ Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը ներկայացնող վարպետներից:
Մասնագիտական ընտրող հանձնաժողովը մինչև օգոստոսի վերջը կընտրի 12 մասնագիտական ուղղություններից երկուական լավագույն թեկնածուների, և 24 վարպետները կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին, որն անցկացվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» կոչմանը, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և աջակցություն կստանան մրցույթի գործընկերների կողմից։

«Հայաստանի վարպետ» մրցույթի նպատակն է արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծելը, որպեսզի վարպետներն իրենց փորձն ու հմտությունները փոխանցեն սերունդներին:

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի գործընկերը «Արմենիա» հեռուստաընկերությունն է, իսկ կազմակերպիչը «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: