Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» նախագծի հեռուստաշոուն

Հաղորդումը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Հոկտեմբերի 7-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց «Հայաստանի վարպետ» նախագծի հեռուստաշոուն։  Առաջին հաղորդմանն իրենց վարպետությունը ցուցադրեցին դերձակներ Աննա Ավետիսյանը և Մարգարիտա Սարգսյանը։  Որպես առաջադրանք՝ նրանք ներկայացրել էին կանացի կոստյումներ։ Հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Աննա Ավետիսյանը, որն այս ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ։

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի վարպետ» նախագծի հեռուստաշոուն եթեր է հեռարձակելու 12 հաղորդում, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու է արհեստի մեկ ճյուղ։ Մրցույթին մասնակցում են հետևյալ մասնագետները՝  ավտոմեխանիկ, գինեգործ, գորգագործ, դերձակ (ասեղնագործ), զարդագործ, զոդող ( երկաթագործ), խոհարար, կահույքագործ (փայտագործ), կոշկագործ, հրուշակագործ, նվագարանագործ, պատշար (քարտաշ)։  12 ուղղությունները որոշվել էին առցանց քվեարկության արդյունքներով:

«Հայաստանի վարպետ» նախագծի հեռուստաշոուին մասնակցելու հնարավորություն ստացել է յուրաքանչյուր ուղղություն ներկայացնող երկու վարպետ։ Հաղորդման ժամանակ SMS քվեարկությամբ նրանցից ընտրվում է հաղթողը, որը ստանում է 3 մլն ՀՀ դրամ և արժանանում «Հայաստանի վարպետ» կոչմանը։

«Հայաստանի վարպետ» նախագծի հեռուստաշոուն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 19:00-ին։ Դեկտեմբերին կլինի ևս մեկ, հատուկ թողարկում ՝ նվիրված Արցախի վարպետներին։

«Հայաստանի վարպետ» նախագծի հեռուստաշոուն կեզրափակվի գալա-թողարկմամբ, որտեղ կմրցեն եզրափակիչ փուլ անցած  բոլոր 24 մասնակիցները։ Հաղթողը կստանա 5 մլն ՀՀ դրամ։

«Հայաստանի վարպետ» նախագիծը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։ Մրցույթի նպատակն է արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծելը, որպեսզի  վարպետներն իրենց փորձն ու հմտությունները փոխանցեն սերունդներին: «Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը, գործընկերը «Արմենիա» հեռուստաընկերությունն է, կազմակերպիչը՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը։